Վերջին շրջանում հասարակական հնչեղություն ստացած հանցագործությունները լուրջ մտահոգվելու առիթ են տալիս նախ եւ առաջ ոստիկանությանը։ Այդ մասին երեկ՝ հոկտեմբերի 23-ին ոստիկանության կոլեգիայի նիստում ասել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը։
«Վերջին շրջանում հասարակական հնչեղություն ստացած հանցագործությունները լուրջ մտահոգվելու առիթ են տալիս նախ եւ առաջ մեզ: Պատանդառությունը, հրազենով կատարվող սպանությունները եւ բռնության գործադրմամբ այլ ծանր հանցագործությունների խափանումն ու բացահայտումը ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների թիվ մեկ խնդիրն է»,- նշել է նա:
«Առաջիկա ամիսների ընթացքում մենք պատրաստվում ենք վերանայել օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտում գերատեսչական քաղաքականության ուղղությունները: Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական ուժերն ու միջոցները լիարժեք կուղղվեն նման հանցագործությունների վաղ կանխարգելմանն ու բացահայտմանը, կմշակվեն եւ կներդրվեն հանցավորության դեմ պայքարում քաղաքացիներից աջակցություն ստանալու, համագործակցության ժամանակակից եւ միջազգային փորձի վրա հիմնված ընթացակարգեր: Գործողության մեջ կդրվեն օպերատիվ-հետախուզական ոչ ավանդական միջոցառումներ, ինչպես օրինակ՝ օպերատիվ փորձարարությունը, օպերատիվ ներդրումները եւ այլն: Կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության նկատմամբ օպերատիվ մշտադիտարկումը կկրի ռազմավարական բնույթ: Առաջարկություններ կներկայացվեն օպերատիվ-հետախուզական օրենսդրությունը կատարելագործելու ուղղությամբ, կուժեղացվի համագործակցությունը ինչպես այլ գերատեսչությունների օպերատիվ ծառայությունների, այնպես էլ քննչական մարմինների եւ դատախազության հետ»,- ասել է ոստիկանապետը:
Նրա խոսքով, հասարակության կողմից ոստիկանությանն ուղղված են հարցապնդումներ, եւ մենք լի ենք վճռականությամբ՝ դրանց պատասխանելու գործով:


























