Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 24-ին, ժամը 22:45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են երկու մարդատար ավտոմեքենա, ինչի հետեւանքով ավտոմեքենաներից մեկը, շարունակելով ընթացքը, բախվել է էլ. սյանը, առկա է վառելիքի արտահոսք, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ 3102» մակնիշի 23 MA 023 համարանիշի (վարորդ՝ Յ. Գ.) եւ «ՎԱԶ 21010» մակնիշի 34 SM 620  պետհամարանիշի (վարորդ՝  36-ամյա Հ. Պ.) ավտոմեքենաները, ինչի  հետեւանքով վերջինս շարունակելով ընթացքը՝ հարվածել է էլ. սյանը եւ շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Հ. Պ.-ն եւ ուղեւոր` 39-ամյա Ք. Պ.-ն հոսպիտալացվել են «սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը եւ երթեւեկելի գոտուց հեռացրել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլ. սյունը: