ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ քրեական գործի նյութերի, ԴԱՀԿ Երեւան քաղաքի ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարողը ԴԱՀԿ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք բաժնի պետին է տվել ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության համապատասխան բաժանմունքի պետի անունից վերջինիս հասցեագրված, իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներառող փաստաթուղթ: Համաձայն այդ փաստաթղթի` Ճանապարհային ոստիկանությունը, իբր, հրաժարվել է ՀՀ քաղաքացի Տ. Գաբրիելյանի վերաբերյալ ԴԱՀԿ-ում հարուցված 10 կատարողական վարույթների պահանջներից եւ խնդրել կարճել նշված վարույթները այն դեպքում, երբ հիշյալ պարտապանից բռնագանձման ենթակա գումարները ՃՈ-ին չեն վճարվել, եւ բացակայել են նշված 10 կատարողական վարույթները կարճելու օրինական հիմքերը:

Այնուհետեւ Ավան եւ Նոր Նորք բաժնի պետը հիշյալ կեղծ գրությունը հանձնել է նույն բաժնի մեկ այլ հարկադիր կատարողի: Վերջինս էլ, առանց դրա իսկությունը ստուգելու, 31.05.2017թ.-ին որոշում է կայացրել պարտապան Տ. Գաբրիելյանի գույքի եւ դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու եւ 360.000 ՀՀ դրամ գումարի պահանջներով կատարողական վարույթները կարճելու մասին: Պարտապանի գույքի նկատմամբ դրված արգելանքներն անհիմն վերացնելու հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Այսպիսով, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետական հատուկ ծառայություն իրականացնող վերը նշված 3 պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն: