Երեւանում Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործն արդեն դատարանում է: Այն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավորն է  Արշակ Վարդանյանը:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Արտակ Դեմիրճյանը 2017թ. հուլիսի 6-ին այցելել է Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի 38 հասցեում գտնվող Ռուսական արվեստի թանգարան, որտեղ վիճաբանել է հրավիրատոմս չունենալու պատճառով իրեն թանգարանից դուրս հրավիրող նույն թանգարանի աշխատակից Սարգիս Աղայանի հետ, որի ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել նրան  եւ պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով՝ Ծեծը:

Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ թանգարանի աշխատակից Սարգիս Աղայանը: Նրան էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի 38 հասցեում գտնվող Ռուսական արվեստի թանգարանում որպես պահակ, 2017թ. հուլիսի 6-ին առանց հրավիրատոմսի թանգարան այցելած Արտակ Դեմիրճյանին դուրս հրավիրելու ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով ծեծի է եննթարկել եւ պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք եւ ֆիզիկական ցավ:

Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: