ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված ակտիվ  քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում  պարզվել են «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզած անձանց ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա  սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը եւ դիմել փախուստի:

Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հրկիզմանն անմիջական մասնակցություն է ունեցել երկու անձ, պարզվել է նրանց ինքնությունը, որոնցից մեկն այսօր ձերբակալվել է՝ հրկիզելու եղանակով ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կասկածանքով, իսկ մյուսին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներայացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Բացի այդ, եւս մեկ անձ ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Եվս մեկին հոկտեմբերի 19-ին էր մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է տարվում՝ դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու  ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիլիջան ազգային  պարկ»–ի  Շամախյան տեղամասում  հոկտեմբերի 13–ի երեկոյան  արտակարգ դեպք է տեղի ունեցել. մի խումբ քաղաքացիներ վեճի են բռնվել  այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց եւ այդ ընթացքում  հրկիզել  հենակետի  վագոն-տնակը։ Ըստ հավաստի տեղեկությունների, «Դիլիջան» ազգային պարկի միջադեպին մասնակցել է առնվազն  40 մարդ, որոնք  «Վիլիսներով» եկել, շրջապատել են Շամախյանի հենակետը եւ պահնորդներից երկուսին դուրս հանել այնտեղից։ Քննչական կոմիտեն եւս հաստատել է, որ հարձակվողները եղել են խմբով:

Դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։