Վերջերս Էր Ռիադի վրա Եմենի հրթիռային հարձակումը սաուդյան շրջափակման եւ ագրեսիայի պատասխանն էր: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim գործակալությունը:
«Դուք շրջափակում եք պարենի եւ դեղորայքի մատակարարումը հարեւան Եմեն: Մի՞թե հնարավոր է սա մուսուլմանին վայել վարք համարել»,- ասել է Ռոհանին:
«Եմենի ժողովուրդն ինչպե՞ս պետք է արձագանքի իր երկրի ռմբակոծությանը: Այսպիսով, նրանց թույլ չի՞ տրվում սեփական զենքն օգտագործել: Դուք նախ դադարեցրեք ռմբակոծությունը եւ տեսեք՝ արդյոք նույնը չեն անի եմենցիները»,- նշել է Ռոհանին:
Շաբաթ սաուդյան ՀՕՊ ուժերը Էր Ռիադից 35 կմ հյուսիս գտնվող Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի ուղղությամբ եմենյան խռովարար հուսիթների արձակած հրթիռ են խփել: Հրթիռի բեկորներն ընկել են անմադաբնակ վայրում: Երկուշաբթի CNN-ի հետ հարցազրույցում թագավորության ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը նշել է, որ «հրթիռն արտադրված էր Իրանում»: «Մենք սա ընկալում ենք որպես Թեհրանի կողմից ռազմական գործողություններ»,- ասել է նա:
Իրանի ԱԳՆ-ն ժխտել է այս մեղադրանքները՝ որակելով որպես «չհիմնավորված եւ սադրիչ»:




























