Կարաչաեւո Չերքեսիայի բնակչուհին ներխուժել է տեղական հեռուստահաղորդավարուհու աշխատասենյակ եւ նրան ծեծել՝ խանդելով իր քաղաքացիական ամուսնուն, փոխանցում է Кавказ пост-ը:

Տուժողը հանրապետությունում հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Լարիսա Շամանովան է, որը Տեղական «Արխիզ 24» հեռուստաալիքով նաեւ վարում է առողջության վերաբերյալ հաղորդումը: Համացանցում հոլովակի հրապարակումից հետո բժիշկը մանրամասն պատմել է հարձակման պատճառի մասին: «Ինձ ծեծեող կնոջն անվանում են Ֆաթիմա Սազառուկովա, որը 2 երեխաների ամուսնալուծված մայր է: Իսկ տեսանկարահանումը կատարում է նրա հարսը»,- պարզաբանել է Շամանովան:

Նրա խոսքով՝ 2 տարի առաջ ինքը հանդիպել է տեղական քրեական հետախուզության աշխատակից Իսլամ Սեմյոնովի հետ: «Մեր հարաբերությունները երկար չեն տեւել, քանի որ ինձ զանգահարեց Ֆաթիմա Սազառուկովան եւ ասաց, որ իր ու Իսլամի միջեւ սիրավեպ կա, եւ իրենք պատրաստվում են ամուսնանալ»,- խոստովանել է հեռուստահաղորդավարուհին:

Զանգից անմիջապես հետո Շամանովան հետախույզի հետ կապը դադարեցրել է եւ նրան այլեւս չի տեսել: Իսկ վերջերս նա ոոշել է Սազառուկովայից հեռանալ: «Նա, չգիտես ինչու, որոշել է, որ Իսլամը հենց ինձ մոտ է եկել, ավելին՝ ցանկանում է ինձ հետ ամուսնանալ»,- նշել է բժիշկը:

Արդյունքում Սազառուկովան հարսի հետ ներխուժել է գինեկոլոգի կաբինետ, բռնել նրա մազերից եւ սկսել ծեծել: «Ես ոստիկանություն հայտարարություն եմ ներկայացրել, սակայն նա սկսեց ինձ զանգահարել եւ պահանջել այն հետ վերցնել: Իսկ երբ մերժեցի, տեսանյութը համացանցում տեղադրեց համընդհանուր դիտման»,- պարզաբանել է տուժողը:

Ներկայումս Շամանովային ծեծելու փաստով նախաքննական ստուգում է կատարվում: