Չինաստանի իշխանությունները խիստ միջոցներ կձեռնարկեն երկրի ցանկացած մասնավոր անձանց եւ կազմակերպությունների դեմ, որոնք կխախտեն Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Այս մասին հունվարի 5-ին ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հեն Շուանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանի կառավարությունը օրենսդրության գոյություն ունեցող նորմերի համաձայն խստորեն կպատժի Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի ցանկացած խախտում, որոնք կհայտնաբերվեն ստուգումների ընթացքում»,- նշել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողների հարցին:

Նրա խոսքով՝ Պեկինը կատարում է իր վրա դրված պարտավորությունները: «Մենք վճռականորեն ենք տրամադրված եւ թույլ չենք տա, որ Չինաստանում առանձին մասնավոր անձինք կամ ընկերություններ գործունեությամբ զբաղվեն, որը կիրականացվի բանաձեւերի դեմ»,- շեշտել է նա:

Շուանը հավելել է, որ միջազգային լոգիստիկ փոխադրումները «աչքի են ընկնում թափանցիկությամբ»: «Ինչ վերաբերում է [չինական] նավի որեւէ երրորդ երկրի անվամբ վերագրանցելու գործունեությանը, ապա մենք այդպիսի կոնկրետ տեղեկություններ չունենք»,- ամփոփել է նա: