Իրանի իշխանությունները պետք է նվազագույնի հասցնեն ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը եւ ապահովեն վերջիններիս իրավունքները պաշտպանությունը: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցողների հունվարի 5-ին արված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2017 թվականի դեկտեմբերի 28-ից Իրանում բողոքի ցույցեր են ացնկացվում: Երկրի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով՝ դրանք պայմանավորված են ինչպես ներքին խնդիրներով, այնպես էլ՝ այլ երկրների միջամտությամբ:

Իրենց հայտարարության մեջ ՄԱԿ-ի փորձագետները մտահոգություն են հայտնել Իրանում զանգվածային բողոքների ընթացքում իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

«Մենք մտահոգված ենք, թե ինչպես են իշխանությունները արձագանքել բողոքի ցույցերին ... Իշխանության՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին տված ցույցերին կոշտ պատասխան տալու հրահանգները, ինչպես նաեւ դատական մարմինների կողմից խստագույն պատիժների մասին սպառնալիքները անընդունելի են», - մասնավորապես նշված է փաստաթղթում:

Հատուկ զեկուցողները իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների վերաբերյալ. իրենց կարծիքով՝ Իրանի իշխանությունները պետք է հրապարակեն բոլոր ձերբակալվածների անունները, ինչպես նաեւ իրավական պաշտպանության եւ հարազատների հետ տեսակցության հնարավորություն ընձեռեն նրանց:

Փորձագետները նաեւ վրդովմունք են հայտնել Իրանի տարածքում համացանցի հասանելիության սահմանափակման, ինչպես նաեւ Telegram մեսենջերի եւ Instagram սոցիալական ցանցի արգելափակման կապակցությամբ: