Վենեսուելան կարծում է, որ Միացյալ Նահանգների կողմից ընդունված հերթական պատժամիջոցները Վենեսուելայի պաշտոնատար անձանց նկատմամբ հակասում են միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը: Այս մասին ասված է երկրի ԱԳՆ կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունը կտրականապես դեմ է Միացյալ Նահանգների կրկնվող փորձերին ապօրինաբար  պարտադրել միակողմանի պատժամիջոցներ Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների եւ սկզբունքների խախտմամբ»,-նշված է փաստաթղթում:

Կարակասում հաստատում են, որ նման գործողությունների միջոցով Վաշինգթոնը ձգտում է  զբաղեցնել Վենեսուելայում երեք կարեւոր ընտրական գործընթացների արդյուքնում պարտված ընդդիմության տեղը՝  փորձելով կոտրել վենեսուելական ժողովրդին պատժամիջոցների եւ սաբոտաժի միջոցով`ուղղված ազգային ինստիտուտների թուլացմանը եւ բռնության վերսկսմանը, որը Վենեսուելայի ժողովուրդը քվեարկությամբ մերժել է:

«Վենեսուելայի Բոլիվարյան հանրապետությունը հրավիրում է աշխարհի բոլոր ազատ ժողովուրդների ուշադրությանը, որ բոլոր պատժամիջոցները, ինչպիսին էլ դրանք լինեն, այս կամ այն կերպ վերաբերում են բոլոր վենեսուելացիներին, քանի որ դրանց փոխգործակցությունից կախված է, առաջին հերթին, մեր ինքնիշխան հնարավորությունը պարտքի շուրջ բանակցություններ վարելու եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրելուն, ինչպիսիք են, օրինակ՝ սննդամթերքն ու դեղամիջոցները։ Այսպիսով՝ խոսքը մեր ժողովրդի դեմ  հանցավոր եւ թշնամական գործողությունների մասին է»,-նշել է Վենեսուելայի ԱԳՆ-ն:

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության  արտաքին ակտիվների վերահսկողության վարչությունը հաղորդել էր «կոռուպցիայի եւ ճնշումների մեջ ներգրավված» վենեսուելացի  չորս նախկին եւ ներկա պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։