ԱՄՆ-ի իշխանությունների կողմից կաշառակերության մեջ մեղադրվող ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Կի Մունի զարմիկը խոստովանել է մեղքը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ 30-ամյա Չու Հյոն Պանը Մանհեթենի դատարանում խոստովանել է, որ մասնակցել է Քարաթի պաշտոնյաներից մեկին կաշառելու դավադրությանը։ Խոսքը Վիետնամում շենքերի համալիր վաճառելու գործարքի սխեմայի մասին է:
Չու Հյոն Պան ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի զարմիկն է, նրա լիազորությունները որպես ՄԱԿ-ի վարչական ղեկավար սպառվել են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, նախկին գլխավոր քարտուղարի զարմիկը հանդիսանում է Հարավային Կորեայի քաղաքացի եւ Նյու Յորքում աշխատել է որպես անշարժ գույքի գործակալ: Չու Հյոն Պանի հայրը` Պան Կի Սանը զբաղեցրել է Հարավային Կորեայի Keangnam Enterprises շինարարական ընկերության ավագ խորհրդականի պաշտոնը: Վերջինս, ինչպես պարզվել է հետաքննության արդյունքում, 2013 թվականին դիմել էր Չի Հյոն Պանին Վիետնամի նախագծի համար ներդրող գտնելու խնդրանքով։
ԱՄՆ իշխանությունները հաստատում են, որ օրինական ճանապարհ գտնելու փոխարեն՝ Նյու Յորքի անշարժ գույքի գործակալը եւ նրա հայրը գծել են մի սխեմա, որը ներառում էր Քաթարի պաշտոնյաներից մեկին կաշառելով համոզել անկախ ներդրումային ֆոնդին ձեռք բերել Վիետնամի համալիրը։
Կաշառքի փոխանցումը պետք է իրականացվեր բլոգեր Մալկոլմ Հարիսի միջոցով, որը հավաստիացրել է, որ տվյալ պաշտոնյայի վստահված անձն է:
Հետաքննությանը հաջողվել է պարզել, որ 2014 թ. ապրիլին Չու Հյոն Պանն ու Պան Կի Սանը պայմանավորվել են 500 միլիոն դոլար փոխանցել Հարիսի միջոցով, իսկ գործարքի ավարտից հետո եւս 2 միլիոն դոլար: Սակայն Հարրիսը ծախսել է գումարը իր սեփական կարիքների համար: Արդյունքում ոչ մի գործարք չի կնքվել, իսկ Keangnam Enterprises-ը սնանկության միջնորդություն է ներկայացրել դատարանում:
Չու Հյոն Պանի դեմ դատավճիռը կհրապարակվի այս տարվա հունիսին, նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում: Պան Կի Սանին ԱՄՆ իշխանությունները մեղադրանք ներկայացրել հեռակա կարգով։ Նա ներկայումս ամերիկյան իրավազորության սահմաններից դուրս է գտնվում:



























