Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին ներկա է գտնվել Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի 50-ամյակին նվիրված մրցաշարի փակման արարողությանը, որի ժամանակ մրցաշարի հաղթողները պարգեւատրվել են գավաթներով, պատվոգրերով եւ հուշամեդալներով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ տեղի է ունեցել Ֆեդերացիայի խորհրդի նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Օրակարգի շրջանակներում քննարկվել եւ հաստատվել է 2011թ. պաշտոնական մրցումների կանոնադրությունը: Այն ներառում է Հայաստանի 71-րդ եւ 72-րդ առաջնությունները, կանանց 66-րդ, 67-րդ առաջնությունները, պատանիների առաջնությունը, աղջիկների առաջնությունը, ինչպես նաեւ Հայաստանի ակումբային եւ կանանց ակումբային առաջնություններն ու Հայաստանի արագ շախմատի առաջնությունը:
Նիստում Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կոնֆերանսի հրավիրման մասին եւս, որից հետո իրենց հաղորդումներն են ներկայացրել Վետերանների, Կոմպոզիցիայի, Մրցավարական հանձնաժողովները:
Շախմատային ֆեդերացիայի խորհուրդն այնուհետեւ հաստատել է Ռաֆայել Վահանյանի 60-ամյակին նվիրված միջոցառումները, լսել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ համաշխարհային օլիմպիադայում աչքի ընկած պատանի շախմատիստների պարգեւատրման մասին հարցը:




























