Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը ավտոշուկայում գների բարձրացման կհանգեցնի, սակայն այդ տատանումը մեծ չի լինի: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«ՊԵԿ-ի նոր զեկույցով ավտոմեքենաների ներմուծման համար սահմանվող մաքսային դրույքաչափերը նվազեցվել են, այդ պատճառով իմ կարծիքով այդքան էլ մեծ չեն լինի գնային տատանումները ավտոշուկայում, չնայած որ գնային տատանում բնականաբար կլինի»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Նշենք, որ Կառավարությունը հունվարի 11-ին որոշում է ընդունել, որով արգելում է աջակողմյան ղեկային համակարգով մեքենաների հաշվառումը եւ շահագործումը 2018 թվականի ապրիլի 1-ից: Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչեւ ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկով մեքենաների սեփականատերերի սեփականության իրավունքի վրա եւ վերջիններս, ըստ նախագծի կարող են ազատ շահագործել, հաշվառել եւ վերահաշվառել իրենց սեփականության իրավունքով պատկանող մեքենաները: