Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան «ցնցված է եւ տրտմած» Դամասկոսի հիվանդանոցում միջսիրիական բանակցությունների «կահիրյան» հարթակի ընդդիմադիր Մունիր Դարվիշի մահվան կապակցությամբ։

Այս մասին ասված է  բանագնացի հայտարարության մեջ, որը հրապարակվել էր նախօրեին Ժնեւում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մունիր Դարվիշը ընդգրկված էր «կահիրյան»  հարթակի եւ Սիրիայի բանակցային կոմիտեի կազմում եւ «ընդդիմության միասնականության եւ բանակցությունների միջոցով քաղաքական անցման կողմնակից էր»: 2017 թ. հունիսին եւ հուլիսին նա բանակցություններ է վարում «կահիրյան» հարթակի անունից` ցույց տալով  «բարձր մակարդակի փորձաքննական գիտելիքներ եւ պրագմատիզմ»: «Գիտելիքների եւ զսպվածության շնորհիվ նա հարգանք էր վայելում թե՛ հարթակի ներսում, թե՛ դրսում, ինչպես նաեւ ՄԱԿ-ի փորձագետների թիմում»,-ասված է հայտարարության մեջ:

Բանագնացի խոսքով՝ ըստ երեւույթին, Մունիր Դարվիշը վրաերթի է ենթարկվել իր տան մոտ, մեքենայի վարորդի ինքնությունն անհայտ է, նա անհետացել է դեպքի վայրից։

Բանագնացը կոչ է արել պարզել նրա ինքնությունը եւ հանձնել արդարադատությանը բոլոր նրանց, ովքեր ներգրաված են դրանում։

Հատուկ բանագնացը «անկեղծ ցավակցություն է հայտնել Մյունիր Դարվիշի ընտանիքին եւ  գործընկերներին»:

Դեկտեմբերին դե Միստուրան հայտարարել էր, որ հունվարի երկրորդ կեսին Ժնեւում մտադիր է անցկացնել միջսիրիական բանակցությունների հաջորդ՝ 9-րդ փուլը: Հստակ ժամկետները դեռ հայտնի չեն: