Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքը կհանգեցնի Հայաստանի ավտոպարկի ծերացմանը: Նման կարծիք հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստան ներկրվող աջակողմյան ղեկով ավտոմեքենաները հիմնականում ճապոնական արտադրության են եւ ավելի մատչելի են, քան Եվրոպայից եւ ԱՄՆ-ից ներկրվածները, սակայն միեւնույն ժամանակ որակով չեն զիջում վերջիններիս: Իսկ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից ներմուծված ավտոմեքենաները հիմնականում օգտագործված են: «Արգելքը կհանգեցնի նրան, որ կսկսեն ավելի շատ օգտագործված մեքենաներ գնել Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ որն ավելի վատ է` Ռուսաստանից, ինչը կհանգեցնի Հայաստանի ավտոպարկի ծերացմանը»,- նշեց Չիլինգարյանը:
Ըստ նրա՝ այս որոշումը խախտում է ինչպես մարդու, այնպես էլ սպառողի իրավունքները: «Նպատակահարմար չէ նման որոշում կայացնել, երբ երկրում ներմուծված ավտոմեքենաների 35-36 տոկոսը աջակողմյան է: Սա անհավասար շուկայական պայմաններ է ստեղծում սպառողների համար»,- նշեց ՀԿ ղեկավարը: Նա նաեւ հավելեց, որ ՀՀ կառավարության կողմից ոստիկանության տվյալների հիման վրա ներկայացված վիճակագրությունն այն մասին, որ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթարները 28 տոկոսով ավելի շատ են, իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը արդեն իսկ հաստատել է 2018 թվականի ապրիլի 1-ից աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի մասին օրինագիծը:



























