Փարիզի Ելիսեյան պալատում այսօր տեղի է ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումը: Սերժ Սարգսյանը եւ Էմանուել Մակրոնն առանձնազրույց են ունեցել, որից հետո մասնակցել են աշխատանքային ճաշին:

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո նախագահները հայտարարությամբ են հանդես եկել. Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ու տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ համագործակցության հաստատմանը: Ֆրանսիայի նախագահն էլ ասել է, որ շատ կարեւոր է լուծում գտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար՝ նշելով, որ դա պետք է լինի երկու երկրների միջեւ համարձակ փոխզիջում:

Նշենք, որ հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան:

Հայաստանի խորհրդարանը երկրի 4-րդ  նախագահին կընտրի մարտի 2-ին, իսկ վարչապետին` ապրիլի 17-ին: Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, իսկ վարչապետի թեկնածուների առաջադրումը` ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Ազգային ժողովում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառների մասին այսօր խորհրդարանական լսումներ տեղի ունեցան: Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը թեեւ մասնակցում էր խորհրդարանական լսումներին, բայց պատգամավորներն ու քննարկմանը մասնակից այլ ներկայացուցիչներ նրան հարց ուղղելու հնարավորություն չունեցան: Այս հանգամանքը վրդովեցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

Այնուհետեւ ԱՎԾ պետը հայտարարեց, որ գների աճը տեղի է ունեցել 2017 թվականի 4-րդ եռամսյակում:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ նշեց, որ Հայաստանում տարեկան փաստացի գնաճը գրեթե համընկել է Կենտրոնական բանկի կանխատեսմանը եւ կազմել է 2.6 տոկոս. համեմատության համար նա նշեց, որ հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել, քան Հայաստանում: Ըստ նրա՝ հարեւան Վրաստանում գնաճը 2017-ին կազմել է 6,7 տոկոս, Ադրբեջանում՝ 7,9 տոկոս, Ռուսաստանում, 2,5, Ուկրաինայում՝ 13,7 տոկոս, Մոլդովայում, 7,3, Թուրքիայում՝ 19,9, Իրանում՝ 10 տոկոս: Իսկ կարագի գնի բարձրացումը նա այսպես հիմնավորեց:

ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն էլ անդրադարձավ վառելիքի գների աճին՝ նշելով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզը բարձրացվել է 15 հազար դրամով, սակայն այն արտադրական նպատակ չունի, հետեւաբար այն այլ ապրանքների գների աճի չի կարող հանգեցնել: Նիկոլ Փաշինյանն էլ  այս հիմնավորմանը հեգնանքով արձագանքեց՝ հորդորելով քաղաքացիներին բենզինի թանկացման դեպքում չմտահոգվել եւ մեքենան վարելու փոխարեն «բրդել»:

Շվեյցարական Դավոս քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումի 48-րդ նստաշրջանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել  միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, ինչպես նաեւ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ:

Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողը փոխվել է։ Այդ մասին  NEWS.am-ին հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, համազեկուցողի պաշտոնում նշանակվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Յուլիա Լյովոչկինան։ Արփինե Հովհաննիսյանի խոսքով, Լյովոչկինան նշանակվել է սոցիալիստների խմբի անունից, այդ խմբին տրված քվոտայով։ Նախկին համազեկուցող Ալան Միլլի լիազորությունները դադարեցվել են, քանի որ նա ԵԽԽՎ անդամ չէ, չի ընտրվել Մեծ Բրիտանիայի խորհրդարան։ Մյուս համազեկուցողը ԵԺԿ կողմից նշանակված Ջուզեպպե Գալատին է, որի լիազորությունները շարունակվում են։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է անցած տարվա հուլիսին Արմավիրի մարզպետի խորհրդականի աղմկահարույց սպանության գործով առաջին նիստը: Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվում է նրա կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը: Նա դատարանում հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդը՝ սպանվածի եղբայր Արամ Սիմոնյանը: Դատարանը նիստը հետաձգեց եւ նշանակեց փետրվարի 16-ին:

Թուրքիան հայտարարություն է տարածել Աֆրինում գործողության ընթացքում առաջին զոհի մասին: Հունվարի 22–ին քրդական ուժերի հետ բախման ժամանակ զոհվել է ավագ սերժանտ Մուսա Օզալքանը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն էլ հայտնել է երկրորդ զոհի մասին։ «Մենք Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում կորցրել ենք իմ հայրենակից (Անթալիայի բնակիչ), լեյտենանտ Օգուզ Քաան Ուսթուին, որն իր կյանքը տվեց հանուն հայրենիքի»,- նշել է նա։

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կոչ է արել Թուրքիային զսպվածություն ցուցաբերել Սիրիայում քրդերի նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան եւ ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ Լոնդոնի «Արսենալի» խաղացող: Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր: Նույն գործարքով չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքով՝ իր մարտահրավերն է ստիպել Մխիթարյանըին առավելագույնը դրսեւորել իր տաղանդները: Այսօր Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել Լոնդոնի «Արսենալում»։ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալում» հանդես կգա 7 համարի մարզաշապիկով:

Հունվարի 23-ին դոլարն ու եվրոն էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 589, ռուբլունը՝ 8 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 671 դրամ:

Հունվարի 24-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 24-26-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0 -2, ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն: