Տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ խաբեությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը մտադիր է ուխտադրուժ կերպով տիրանալ վարչապետի պաշտոնին. «Ուխտադրուժ, որովհետեւ 2014-ի ապրիլի 10-ին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ հրապարակային Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Քննարկումներիփուլը սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

Հիմա ակնհայտ է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում ու դա իրականացնել մեզ հայտնի «սղղացնելու» մեթոդով»:

Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխությունների 10 օրենքանոց փաթեթում իրականացվել է մի այնպիսի փոփոխություն, որով փոխվել են վարչապետի ընտրության ժամկետները:

«Ըստ այդմ, եթե նախկին օրենքի համաձայն ապրիլի 9-16-ը պետք է տեղի ունենար վարչապետի առաջադրում, իսկ ընտրությունը տեղի ունենար մայիսի 2-ին տեղի ունեցող քառօրյայում, հիմա այդ փոփոխությունը կատարվել է այնպես, որ ըստ էության, հնարավոր լինի մինչեւ ապրիլի 16-ը կիսաակնարկներ անել, ապրիլի 9-ի երեկոյան նրան առաջադրել վարչապետի թեկնածու, իսկ ապրիլի 10-ի առավոտյան ԱԺ-ում իրականացնել ընտրություն, որ հանրությունը գլխի չընկնի, թե ինչ է կատարվում:

Սա համարում եմ երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ խաբեությունը եւ ուզում եմ արձանագրել, որ նույնիսկ միամիտ հայ ժողովրդին որեւէ մեկը որոշի խաբել, չի կարող եթե ժողովուրդն ասի, որ թույլ չի տալիս դա»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթին, որտեղ նա խոսեց Սերժ Սարգսյանի «մյունխենյան թեզիսների» մասին, Փաշինյանն ասաց. «եթե ժամանակին առաջնորդվում էինք Լենինյան թեզիսներով, հիմա կառաջնորդվենք Սերժ Սարգսյանի «մյունխենյան թեզիսներով»:

Տեղից Շարմազանովն արձագանքեց. «Ինչքան շարժվեք Սերժ Սարգսյանի «մյունխենյան թեզիսներով» այնքան կշահեք»: