Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները հոկտեմբերի 6-ի նիստում հայտարարել են, որ չեն մասնակցի Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի ձևավորման քվեարկությանը, ինչպես նաև չեն ընդգրկվի վերոնշյալ հանձնաժողովի աշխատանքներում։

Նշենք, որ Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Մի շարք հոգևորականների գործունեության, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողմից հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման ու ազգային ինքնության պահպանման գործում իր բացառիկ առաքելությունը չկատարելու արդյունքում առաջացած ճգնաժամի հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թվաքանակի սահմանման մասին» նախագիծը։