Դուբայում ավտոմեքենայի W22 համարանիշը աճուրդում վաճառվել է 2,6 միլիոն ԱՄԷ դիրհամով (713,4 հազար դոլար)։ Այս մասին հաղորդում է iz.ru-ն՝ վկայակոչելով «Gulf News» պարբերականը։

«Մենք ուրախ ենք եւս մեկ հաջողված աճուրդ ավարտին հասցնելու համար, որի   արդյունքներից գոհ ենք: Մենք անհամբեր սպասում ենք առաջիկա աճուրդի համար ավելի հետաքրքիր համարանիշներ առաջարկելու հնարավորությանը»,- ասել  է աճուրդի կազմակերպիչ, Դուբայի ճանապարհների եւ տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Աբդուլլահ Յուսուֆ Ալ-Ալին։

Մեկ այլ եզակի T32 կարճ համարանիշը մարտի 10-ին տեղի ունեցած աճուրդում  նույնպես վաճառվել էր ոչ պակաս մեծ գումարով՝ 1.68 միլիոն դիրհամով (457 հազար դոլար):

Եվս երկու համարանիշ՝ T88888-ը եւ R66666-ը, վաճառվել են համապատասխանաբար 193 հազար եւ 182 հազար դոլարով։

Աճուրդին մասնակցել է ավելի քան 500 մարդ, վաճառվել է ընդհանուր թվով 80 համարանիշ՝ ընդհանուրը 5.4 մլն դոլարով:

Նոյեմբերին Աբու Դաբիում անցկացված նմանատիպ աճուրդում 23-ամյա գործարար Ահմեդ ալ-Մարզուկին 10 մլն դիրհամով (3 միլիոն դոլար)  գնել է մեկ թիվ՝ «2», ունեցող գրանցված ավտոմեքենայի համարանիշ։

Սակայն, ռեկորդը դեռեւս պատկանում է հնդիկ գործարար Բալվիդեր Սաահանին, որը 2016 թ. հոկտեմբերին D5 համարանիշը գնել է 33 միլիոն ԱՄԷ դիրհամով (9 միլիոն դոլար):