ՌԴ Պաշտպանության նախարարությունը գռեհիկ է անվանել Բրիտանիայի ՊՆ ղեկավարի արտահայտությունները ՌԴ հասցեին: Բրիտանիայի Պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնի «փողոցային կնոջ» հռետորաբանությունը «հրաշալի կերպով բնութագրում է նրա մտավոր անկարողության ծայրահեղ աստիճանը», ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Այս ամենը միայն հաստատում է ոչ միայն Ռուսաստանի հասցեին Լոնդոնի բոլոր մեղադրանքների ոչնչությունը, որը  վերջին մի քանի տարիների ընթացքում մենք լսում ենք, այլ նաեւ «մեղադրողների» ոչնչությունը», - ասել է Կոնաշենկովը:

Նա ավելացրել է, որ Մեծ Բրիտանիան «վաղուց արդեն դարձել է համաշխարհային հարմարավետ ապաստան, ոչ միայն աշխարհի բոլոր ծայրերից փախստականների համար, այլեւ կեղծ սենսացիաների արտադրության բոլոր տեսակի գրասենյակների` Սիրիայի Մարդու իրավունքների բրիտանական դիտարանից  մինչեւ բրիտանական հետախուզության սպայի կողմից ստեղծված իբրեւ թե սիրիական «Սպիտակ սաղավարտները»:

Նա նշել է, որ «Լոնդոնի կողմից բոլոր մահացու մեղքերում ՌԴ-ին մեղադրելու հանդեպ մենք արդեն վաղուց իմունիտետ ունենք»:

 «Ինչ վերաբերում է բրիտանական նախարարի գռեհիկ արտահայտություններին, ապա ծառայողական գործունեության իրական արդյունքների բացակայության պատճառով, հավանաբար հենց նրանք են մնացել թագավորության զինանոցում», — հավելել է նա:

Բրիտանիայի պաշտպանության նախարարը խորհուրդ է տվել ՌԴ-ին «չքվել եւ բերանը փակել»