«Սկրիպալի գործը» չի կարող խոչընդոտ լինել Հայաստան-ԵՄ համագործակցության հարցում: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք «Սկրիպալի գործի» շրջանակնեևրում Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերություններում լարվածությունը կարող է ազդել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա։
«Ոչ, խոչընդոտ չեմ տեսնում: Դրա մասին բազմիցս խոսվել է, եւ նույնիսկ ԵՄ-ն շատ կարեւորում է այն հանգամանքը, որ Հայաստանը ԵՏՄ առաջին երկիրն է, որը այդպիսի խորը համագործակցության է գնում ԵՄ-ի հետ՝ պահպանելով իր պարտավորությունները այլ ինտեգրացիոն միավորումներում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ, պետական դավաճանության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը մարտի 4-ին գտել էին անգիտակից վիճակում Սոլսբերիում։ Բրիտանական կառավարության տվյալներով, նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ նյութով։ Սկրիպալը ապաստան էր ստացել Բրիտանիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հետախույզների փոխանակությունից հետո, երբ ՌԴ-ին էին արտահանձնել տասը մարդու։
Բրիտանական կողմը պնդում է, որ թունավորմանը առնչություն ունի ռուսական պետությունը։ Այս կապակցությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը անցած չորեքշաբթի հայտարարել է ՌԴ-ի դեմ մի շարք միջոցառումների մասին՝ այդ թվում 23 ռուս դիվանագետների արտաքսման ու բարձր մակարդակի վրա բոլոր երկկողմանի շփումները սառեցնելու մասին։ Ռուսաստանը կտրականպես հերքում է իր մասնակցությունը թունավորմանը, ՌԴ ԱԳՆ-ն համարժեք քայլով է պատասխանել:



























