Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնությունում հանդես եկող Չեչնիայի Թերեքը 1,5 տարվա պայմանագիր է կնքել հռչակավոր հոլանդացի Ռուդ Գուլիտի հետ: Մասնագետին հրավիրելու որոշումն ընդունել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Հոլանդացու գլխավորությամբ ակումբի խնդիրը կլինի Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի ուղեգիրը:

Գուլիտը Հոլանդիայի Հարլեմ, Ֆեյենորդ եւ ՊՍՎ Էյնդհովեն ակումբների կազմում 80-ականներին դարձել է Հոլանդիայի չեմպիոն: 1987-ին Մարկո վան Բաստենի հետ տեղափոխվել է Միլան, որի կազմում երեք անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի կոչումը, երկու անգամ դարձել եվրոպական չեմպիոնների գավաթի տիրակալ: 1987 եւ 1989 թվականներին ՖԻՖԱ-ն Գուլիտին ճանաչել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Հոլանդիայի հավաքականի կազմում Գուլիտն անցկացրել է 66 հանդիպում, խփել 17 գոլ: Նրա գոլերից ամենահիշարժանը 1988թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչում ԽՍՀՄ հավաքականի դարպասը խփած գնդակն է: Գուլիտը կարիերան հավաքականում ավարտեց Դիկ Ադվոկատի հետ կոնֆլիկտից հետո: Ադվոկատը չվերցրեց Գուլիտին ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնության:

Մարզչի կարգավիճակում Գուլիտը 1997-ին Չելսիի հետ նվաճեց Անգլիայի գավաթը: Հետագայում Գուլիտը գլխավորել է Նյուքասլը, Ֆեյենորդը եւ Լոս Անջելես Գելաքսին: Բոլոր ակումբներից հեռացել է կոնֆլիկտների պատճառով: