Հայտնի խորվաթ լեռնադահուկորդ Իվիցա Կոստելիչն Աշխարհի գավաթի խաղարկության Կիցբյուելի փուլի կազմակերպիչներին մեղադրել է հանցավոր անտարբերության մեջ: Տարիներ շարունակ ավստրիական այս լեռնադահուկային կենտրոնի արագընթաց վայրէջքի մրցուղիում բազմաթիվ մարզիկներ լուրջ վնասվածքներ են ստանում եւ շատերը ստիպված են լինում ավարտել մարզական կարիերան:
Ավստրիացի Հանս Գրյուգերի անկումից հետո Կոստելիչը հայտարարել է, որ ինքը Կիցբյուելում մտածում է ոչ թե արդյունք ցույց տալու, այլ` ողջ մնալու մասին:
Կոստելիչը հիշեցրել է, որ Իմոլայում Սենայի մահից հետո Ֆորմուլա-1-ում տեղի ունեցավ անվտանգության հեղափոխություն, իսկ լեռնադահուկային սպորտում ամեն տարի մարզիկներ են հաշմանդամ դառնում, իսկ որեւէ փոփոխության մասին կազմակերպիչները չեն մտածում:
Հիշեցնենք, որ Հանս Գրյուգերը երկար ցատկի ժամանակ ընկել էր եւ ստացել էր գանգուղեղային վնասվածք: Բարդ վիրահատությունը տեւել է 5 ժամ: Մարզիկն այժմ կոմայի մեջ է:





























