2010թ. Իտալիայի լավագույն մարզչի Օսկար մրցանակին արժանացել է Միլանի Ինտերի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որն այժմ գլխավորում է Մադրիդի Ռեալը: Մոուրինյոյի գլխավորությամբ Ինտերը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթն ու Իտալիայի չեմպիոնի տիտղոսն ու գավաթը: Իտալիայի ֆուտբոլային Օսկարի քվեարկությանը մասնակցում են Իտալիայի առաջնության ֆուտբոլիստները: Մոուրինյոն զբաղվածության պատճառով չի կարողացել ներկա լինել արարողությանը` Ռեալին Իսպանիայի գավաթի խաղարկության Սեւիլիայի հետ կիսաեզրափակիչի հանդիպմանը նախապատրաստելու պատճառով: Շնորհակալական հեռագրում պորտուգալացի մարզիչը նշել է, որ ֆուտբոլիստների հարգանքն իր համար շատ կարեւոր է, սակայն կարեւոր է նաեւ գործընկերների կողմից այդ հարգանքին արժանանալը:

Մոուրինյոն նաեւ ասել է, որ իտալական առաջնության բարդ լինելն իրեն թույլ է տվել ավելի լավը դառնալ, հաղորդում է Football-Italia-ն: