«Սանիթեքը» չի խուսափում ստանձնած պարտավորություններից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին «Սանիթեք» ընկերության դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց ընկերության հիմնադիր, սեփականատեր Նիկոլաս Թավիլը։

«Մենք Հայաստանում աշխատում ենք 3.5 տարի եւ այստեղ նոր մշակույթ ենք բերել, որի հետ բոլորն են համաձայն։ Այո, անցած տարի մենք բախվեցինք խնդրի,  որը տեւեց 8 օր, այս տարի մենք նույն խնդրին ենք բախվում, որը ձգվում է արդեն 2 շաբաթ, կամաց–կամաց խնդրին լուծում ենք տալիս։ Ես երեկ ասել եմ, կրկնում եմ նաեւ այսօր՝ մենք չենք խուսափում մեր ստանձնած պարտավորություններից»,–նշեց Թավիլը։

Նա պնդեց՝ իրենք հակված են ծառայություններն պատշաճ կերպով մատուցել. «Սակայն երբեմն խնդիրներ են առաջ գալիս, ընդ որում՝ այս խնդիրը ամբողջ Երեւանը չի ընդգրկում, այլ միայն որոշ թաղամասեր»։

Նիկոլաս Թավիլն ընդունեց՝ որոշ սխալներ իրենք թույլ են տվել. «Այո՛, մենք սխալներ թույլ ենք տվել եւ դրանց համար տարբեր պատճառներ կան, որոշ սխալներ արտաքին գործոնների պատճառով են եղել։ Մենք շարունակում ենք դրանց լուծում տալը։ Մենք պահպանում ենք օրենքը»։

Ընկերության ղեկավարը հրավիրեց բոլորին քննարկել «Սանիթեք»–ի գործունեությունը եւ պայմանագիրը կետ առ կետ. «Մենք կներկայացնենք՝ ինչ ունենք, դուք կներկայացնեք ձեր տեսակետները, առաջարկները»։

Բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն, անհրաժեշտ չհամարեցին գրասենյակ բարձրանալ եւ քննարկել առկա խնդիրներն Ընկերության ղեկավարի հետ եւ բավարարվեցին միայն բաց նամակ փոխանցելով, որով 7 օր են տալիս «Սանիթեք»–ին աղբահանությունը պատշաճ իրականացնելու համար։