ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք նախարարների դեմ սահմանված պատժամիջոցներն արդարացի է համարում: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Նախագահ Թրամփի եւ նախագահ Ռեջեփ Էրդողանի միջեւ բազմաթիվ զրույցներից, ինչպես նաեւ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ իմ բանակցություններից հետո թուրքական կառավարությունը հրաժարվել է ազատ արձակել պաստոր Էնդրյու Բրանսոնին: Նախագահ Թրամփը հանգեց եզրակացության, որ այդ պատժամիջոցներն արդարացված գործողություններ են»,- ասված է Պոմպեոյի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարների նկատմամբ: Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը նշել է, որ վարչակազմը «որեւէ ապացույց չի տեսել, որ Բրանսոնը սխալ բան է արել, եւ մենք կարծում ենք, որ նա անարդարության զոհ է դարձել եւ անարդարացիորեն ազատազրկվել է Թուրքիայի իշխանությունների կողմից»:

Հիշեցնենք, որ Բրանսոնին մեղադրում են լրտեսության եւ ահաբեկիչներին աջակցելու մեջ: Նրան 35 տարվա ազատազրկում է սպառնում: