Երկու հույն զինծառայողները, որոնք մարտից Թուրքիայում բանտարկված էին, հայրենիք են վերադարձել, հայտնում է ԱՄՆԱ աթենքյան լրատվական գործակալությունը:

Զինվորականներին բերելու համար Էդիրնե իր օդանավն է ուղարկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, նրանց տեղափոխությունը հանձնարարված էր ԱԳ առաջին փոխնախարար Յորգոս Կատրունգալոսին եւ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի տեղակալ Կոնստանտինոս Ֆլորոսին:

Օդանավը ուշ գիշերը վայրէջք է կատարել Սալոնիկում, որտեղ զինվորականներին դիմավորել են ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, բանակի գլխավոր շտաբի պետ Ալկիվիադիս Ստեֆանիսը, ԱԳ փոխնախարար Յանիս Ամանատիդիսը եւ նրանց ընտանիքները:

Հույն զինվորականներ Անգելոս Միտրետոդիսը եւ Դիմիտրիս Կուկլատզիսը 5,5 ամիս գտնվել են թուրքական բանտում: Նրանք ձերբակալվել էին մարտի 1-ին, երբ Էվրոսի շրջանում պարեկելիս եղանակային վատ պայմանների պատճառով սխալմամբ մտել էին թուրքական տարածք: Հունաստանի իշխանությունները սպասում էին, որ թուրքերը մեկ օրվա ընթացքում ձերբակալվածներին կհանձնեն: Սակայն Թուրքիայում հույն զինվորականներին մեղադրել էին ռազմական տարածք ապօրինի ներթափանցելու մեջ: Երեքշաբթի Էդիրնեի դատարանը նրանց ազատել էր:

Ցիպրասը հայտարարել է, որ բանտից 2 հույն զինվորականների ազատումը «արդարության ակտ է, որը կօգնի ամրապնդել բարեկամությունը, բարիդրացիությունը եւ տարածաշրջանի կայունությունը»: Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների որոշումը կնպաստի հունա-թուրքական հարաբերությունների զարգացմանը եւ ժողովուրդների բարեկամությանը:

Զինվորականների ձերբակալությունը Անկարայի եւ Աթենքի հարաբերություններում վերջին ամիսների ամենասուր խնդիրներից մեկն էր: