Սպիտակ տունը դատապարտել է Թուրքիայի կողմից ներկրվող ամերիկյան ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը, հաղորդում է Reuters-ը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքով, Թուրքիայի որոշումը, անշուշտ, ցավալի է:

«Սա սխալ ուղղությամբ արված քայլ է: ԱՄՆ-ն մաքսատուրքեր սահմանեց Թուրքիայից ներկրվող պողպատի եւ ալյումինի համար՝ ելնելով ազգային անվտանգության շահերից: Իսկ նրանք (Թուրքիան) դա արեցին վրեժխնդրությունից », - ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներին ի պատասխան, Թուրքիան կտրուկ բարձրացրել է մի շարք ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը: Փաստաթղթի համաձայն ծխախոտային արտադրանքի մաքսատուրքերը ավելացել են 60 տոկոսով, ալկոհոլի համար` 140 տոկոսով, մեքենաների համար` 120 տոկոսով: Բացի այդ, որոշ ապրանքատեսակների, ներառյալ բրնձի, մրգերի եւ կոսմետիկայի մաքսատուրքերը նույնպես բարձրացել են: