Հայաստանում աշխատանքներ են տարվում Ազգային վենչուրային հիմնադրամ (ԱՎՀ) ստեղծելու սուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ այս պահին նախագիծը քննարկումների փուլում է: Կա այն իրականացնելու երկու տարբերակ: Առաջին՝ դասական վենչուրային հիմնադրամ, որը ներդրումներ կկատարի այնպիսի գերակա ուղղություններում, ինչպիսին են բլոքչեյնը, արհեստական ինտելեկտը, հիպերանվտանգությունը:

ԱՎՀ երկրորդ մոդելն է, այսպես կորչված, «ֆոնդերի ֆոնդի» ստեղծումը, ինչը նախատեսում է համագործակցություն հեղինակավոր արտասահմանյան հիմնադրամների հետ եւ համատեղ ներդրումների (co-investment) իրականացում: Այս մոդելով մի քանի հիմնադրամների ստեղծումը թույլ կտա սթարթափեր ներգրավել աշխարհի տարբեր երկրներից:

Երկու դեպքում էլ Ազգային վենչուրային հիմնադրամը կստեղծվի պետության մասնակցությամբ:

Արշակյանը շեշտեց, որ ԱՎՀ ստեղծման նպատակն է Հայաստանի ներդրումային գրավչության մեծացումը: «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա սթարթափերի եւ ինովացիաների կենտրոն»,- նշեց նա:

Ներկայումս երկրում գործող վենչուրային հիմնադրամները ներդրումներ են կատարում սթարթափերի նախնական փուլում: Ազգային վենչուրային հիմնադրամի ներդրումները կհաշվարկվեն նախագծերի իրականացման մի քանի փուլերի համար: «Կոնկրետ նախագծերի ֆինանսավորման ծավալը կհասնի միլիոնների»,- հայտնեց Արշակյանը:

Այս փուլում կատարվում են հիմնադրամի հայեցակարգի եւ կանոնադրության մշակման աշխատանքները: «Մինչեւ տարեվերջ արդեն կոնկրետ արդյունքներ կլինեն»,- տեղեկացրեց փոխնախարարը: