Ապօրինի զենք-զինամթերք  պահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող  գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Երեւան-կենտրոն» ՔԿՀ : Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննության հիվանդանոցային փուլը մասամբ ավարտվել է:

«Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ ծանր, եւ դատաբժշկական փորձաքննությունը անցկացվում էր նրա համար, որ պարզվեր, թե ինչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը»,-ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ շարունակվում է Մանվել Գրիգորյանի դեմ խոշտանգում իրականացվել:

«Մանվել Գրիգորյանը կալանավորվելուց հետո է դարձել ինսուլինակախված հիվանդ, եւ ինսուլինը նրա հարազատներն են բերում, որպեսզի ներարկումներն արվեն»,-ասաց փաստաբան Մկրտչյանը:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հարազատների հետ տեսակցելու արգելքին, նա նշեց, որ դա զավեշտալի է եւ իրենք իմաստ էլ չեն տեսնում դա բողոքարկելու համար:

«Երբ թոռը պապիկի հետ իրավունք չունի խոսելու, կինը ամուսնու, երեխան՝ ծնողի դա ավելորդ դաժանություն է, որը չգիտես ինչի պահպանվել է մեր օրենսդրության մեջ՝ մեղադրյալի վրա ազդեցություն ունենալու նպատակով, որ հարազատներիդ հետ չես կարող հանդիպել, ավելի լավ է՝ արի, ցուցմունք տուր»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը եւ նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաեւ զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, թանկարժեք մեքենաներ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար: