ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցադրումը, փաստորեն, անվստահություն էր գործող կառավարությանը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Պարոն Մարուքյանի հարցադրումը փաստորեն անվստահություն էր գործող կառավարությանը, որովհետեւ, եթե բարձրացրած խնդրի լուծումը պետք է բարեկամական խումբը կարգավորի, ապա հասկանալի չէ, թե ինչով պետք է զբաղվի ՀՀ ԱԳ նախարարությունը»,- ասաց Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ տվյալ պարագայում նաեւ դժվար է հասկանալ, թե տնտեսական ինչ արդյունքներ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Էդմոն Մարուքյանը անդրադարձել էր փաստին, որ սեպտեմբերի 15-ից Վրաստանի կառավարության որոշմամբ այլեւս Հայաստանը չի կարողանա վերգետնյա տրանսպորտով հացահատիկ ներկրել, որի հետեւանքով հացը գինը կարող է բարձրանալ: «Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների հետ, որոնք իրենց հաշվարկներով ասել են, որ տոննայի մեջ 50 դոլարով հացահատիկը կթանկանա, եթե միայն Փոթիով գա»,-ասել էր Մարուքյանը՝ հավելելով. «Ես կարծում եմ՝ Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը եւս պետք է զբաղվի այս խնդրով: Ժամանակը խիստ կարճ է, եթե որոշումն ուժի մեջ մտնի՝ մենք լուրջ խնդիր կունենանք, առանց այն էլ հացը թանկացել է ՌԴ-ում հացահատիկի թանկացման հիմքով, հիմա էլ կարող է թանկանալ վերգետնյա ներմուծումը արգելելու հիմքով»: Պատգամավորը կոչ էր արել գործի դնել խորհրդարանական դիվանագիտությունը եռւ դիմել վրացի պատգամավորներին՝ խնդիրը կարգավորելու համար:











