Երեւանի արտահերթ ընտրություններում Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը առաջնային խնդիր է համարում Երեւանի կանաչապատումը:

Նա նշել է, որ պետք է՝ որքան հնարավոր է ավելացնել կանաչ մակերեսները Երեւանում, քանի որ շատ վայրերում ընդհանրապես կանաչ չկա:

«Կառավարման ոլորտում շատ խնդիրներ կան, մասնավորապես տրանսպորտի ոլորտում: Ես վաղուց եմ այդ խնդրի շուրջ աշխատում: Շատ մոտիկից ծանոթ եմ նաեւ քաղաքաշինության խնդիրներին, նաեւ կարող եմ ասել, որ տրանսպորտային խնդիրը բարելավվի, մետրոպոլիտենի հարցը պետք է լուծվի, եթե հնարավոր է ընդլայնել կայարանների թիվը, դա անպայման անելու ենք»,-ընդգծեց նախագահի թեկնածուն:

Նա չհամաձայնեց, որ ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են. «Ամսի 23-ը ցույց տկա եւ իմաստուն երեւանցին կանի իր ընտրությունը: Ոչ ոք չի կարող գուշակել արդյունքները: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը որոշակի ազդեցություն թողնում է իրենց թեկնածուի վարկանիշի վրա, բայց երեւանցին պետք է որոշի ոչ թե քաղաքական նախասիրություններով, այլ նրանով, թե տվյալ անձն ինչ կարող է անել քաղաքի համար քաղաքաշինության եւ այլ հարցերի լուծման համար»,-ասաց նա:

Թեկնածուն նշեց, որ ինքը մշակույթի եւ շինարարության ոլորտի ներկայացուցիչ է, կոորդինացնում է շինարարական աշխատանքներ. «Կարեւոր խնդիր եմ համարում Երեւանի արձանների հարցը: Պետք չի, որ ամեն մի մեծահարուստ մարդ իր նախասիրությամբ արձաններ տեղադրի քաղաքում: Պետք է ստեղծվի ճարտարապետների, քանդակագործների ու պատմաբանների խումբ, որոնք մրցութային կարգով կորոշեն, թե ինչ արձան կտեղադրվի եւ որ տեղում»:

Նշենք, որ  Երեւանի ավագանու ընտրություններում «Ռեֆորմիստներ» կուսակցության (նախագահ՝ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայան) քաղաքապետի թեկնածուն դիզայներ, նկարիչ, շինարարական աշխատանքների կոորդինատոր, կինոռեժիսոր Արտակ Ավետյանն է, որը հանդես է գալիս «Կանաչ Երեւան» կարգախոսով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: