Այսօր առավոտից մի քանի տասնյակ ծնողներ բողոքի ակցիա են իրականացնում  Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոցի բակում։

Ծնողները պահանջում են, որպեսզի հետաձգվի այսօր նշանակված՝ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը և ժամանակ տրամադրվի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Ալավերդյանին՝ ստանալու դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցելու հավաստագիր։

Նշենք, որ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը նշանակված է ժամը 14։00–ին։

NEWS.am–ի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնող ծնողները հայտարարեցին, որ չեն վստահում տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար ստեղծված մրցութային հանձնաժողովին՝ պնդելով, որ այն լեգիտիմ չէ։

Նրանց խոսքով՝  մրցությաին հանձնաժողովի անդամներից երկուսը, որոնք ըստ օրենքի պետք է լինեն դպրոցի ծնողներ՝ չեն ընտրվել փակ– գաղտնի քվեարկությամբ։

Ծնողները պահանջում են լուծարել մրցութային հանձնաժողովն ու ձևավորել  ծնողների վստահությունը վայելող նոր հանձնաժողով։

Անդրադառնալով իրեն կողմից առաջարված թեկնածուին՝ դպրոցի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Ալավերդյանին, ծնողներից մեկն ասաց.

«Մեր թեկնածուն ունի տարիներ փորձ, ինչպես ժողովուրդն է ասում՝ գիտի այս դպրոցի ուղն ու ծուծը, բայց նրան ժամանակ չեն տալիս, որպեսզի մասնակցի մրցույթին ու ստանա իր հավաստագիրը»։

Նրանց խոսքով՝  Ալավերդյանը  տեխնիկական խնդիրների պատճառով չի հասցրել մասնակցել մրցույթին։

Դերասանուհի Նարինե Ալեքսանյանն, ում դուստրն այս դպրոցի աշակերտ է, հայտարարեց, որ իրենք ցանկանում են, որ հենց Ալավերդյանը նշանակվի դպրոցի տնօրեն։

«Տիկին Ալավերդյանն անթերի է, դպրոցի լավագույն մասնագետն է, նա այս դպրոցում անցած ճանապարհ ունի և մենք նրան ենք ուզում վստահել մեր երեխաների ապագան»,– ասաց նա և հավալեց, որ ներկայացված թեկնածուներից երևէ մեկը կապ չունի իրենց դպրոցի հետ։

«Թեկնածուների թվում շրջանառվում է Լուսինե Ղասաբողլյանի անունն, ով ենթադրվում է Միացյալ Նահանագներից պետք է գա և տնօրինի մեր երեխաների վաղվա օրը և ճակատագիրը՝ անտեղյակ լինելով ամեն ինչից։ Նրա մասին այլ ինֆորմացիա չունեմ, գիտեմ, որ պիտի գա ու վերցնի մեր և ուսուցիչների ջանքերով ստեղված դպրոցի ղեկը»,–ասաց նա։

N 51 դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Աիդա Արարատովնան էլ NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց, որ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի մեծ մասը դեմ է, որպեսզի ներկայացված թեկնածուներից որևէ մեկն ընտրվի դպրոցի տնօրեն։

«Ո՞վ է առաջարկվող թեկնածուն, լսել ենք, որ նրան 132 դպրոցից են ազատել,  Տոլստոյհի դպրոցից են ազատել.  ես չեմ ճանաչում, գիտեմ, որ հիմա փաստացի նրան մեզ տնօրեն են առաջարկում»,–ասաց ուսուցչուհին։

Նշենք, որ հիշյալ խնդրի կապակցությամբ ծնողները դիմում են ներկայացրել ՀՀ կրթուրթյան և գիտության նախարարին։

Բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են մինչև ժամը 3–ը մնալ  դպրոցի բակում, իսկ եթե ընտրությունները կայանան և օտար դպրոցից տնօրեն ընտրեն՝ վաղվանից դասադուլ կիրականացնեն։

Նշենք, որ այս դպրոցի տնօրենը Ալիսա Ղազարյանը մեկ ամիս առաջ իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից, քանի որ լրացել էր նրա պաշտոնավարման հնգամյա ժամկետը:

Ալիսա Ղազարյանն, ով տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2013թ. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է՝ Սաթենիկ Սարգսյանի ամուսնու՝ Հայկ Խաչատրյանի մայրը։