Մասքային ծառայությունում իրականացվող բարեփոխումները կաբինետային խոսակցություններ են, այս ոլորտում առաջընթաց չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին «Նորագավիթի» մաքսատանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը։ «Ամոթ ա, 20 տարում գոնե մի 20 քայլ պիտի առաջ գնայինք, բայց մի 220 քայլ հետ ենք գնացել ու, երբ լուրջ դեմքով հայատարարում են, որ բարեփոխումների ճանապարհին են, դա ընդամենը կաբինետային խոսակցություններ են»,–ասաց նա՝ պնդելով, որ «Նորագավիթի» մաքսատանը շարունակ հերթեր են եւ դրանք կանխելու համար մաքսային ծառայությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի։
Հիշեցնենք, որ այսօր ավտովարորդները բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան «Նորագավիթ» մասնաճյուղի մոտ։
«Պահանջում ենք, որպեսզի վարորդներին արժանապատիվ դիմավորեն ու ճանապարհեն, փնթիություն չցուցաբերեն, երկակի ստանդարտներ չկիրառեն, ոչ թե ով կամայական, խելիքն՝ ինչ բրդի, առավոտը հորոսկոպն ինչ ասի՝ տենց զարթնեն ու տենց էլ մաքսազերծեն»,– ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ մեքենաների մաքսազերծումը պետք է իրականացվի հնարավորինս պարզեցված ընթացակարգով. պետք է մարդկանց ակնհայտ լինի մաքսազերծման արժեքը, ներկայացված փաստաթղթերի ցանկը։
«Քիչ ա մնում ասեն՝ գնա Գերմանիա, էդ մարդուն, ով որ վաճառել ա մեքենան՝ բեր ու ստեղ պապայի արեւ երդվիր, որ էդքանով ա վաճառել»,–ասաց նա՝ դժգոհելով մաքսազերծման համար պահանջվող տարատեսակ վճարումներից։
«Ամեն ինչ պետք է տրամաբանություն ունենա եւ ցինիզմ չունենա։ Դռան մոտ կանգնողից սկսած՝ ամեն մեկն իր «գումարն» ունի։ Կարծես էս հեղափոխպությունից հետո չեն էլ հրաժարվել դրանից»,– նշեց նա եւ հավալեց, որ եթե իրենց պահանջները չիրագործվեն՝ դարձյալ բողոքի ակցիա կիրականացնեն։
«Անարդարության ցանկացած դրսեւորման եւ երկակի ստանդարտների կիրառման դեպքում՝ գալու ենք ավելի բեթար ակցիա անենք»,–նշեց նա։











