ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլոր պատագամավորներին՝ չգնալ ներքաղաքական իրավիճակը սրելու, երկում հեղափոխական իրավիճակ ստեղծելու գործողության։

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  խորհրդարանն այսօր ցերեկն էր պատրաստվում քվեարկության դնել  «ԱԺ կանոնակարգ օրենքում» նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։

«Այսօր ցերեկը ես հեռախոսազրույց ունեցա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ և նրանց ուղղակի ասացի, որ եթե հիմա այդ քվեարկությունը չհետաձգվի՝ ես ստիպված կլինեմ ուղերձով դիմել ժողովրդին և աջակցություն խնդրել ժողովրդից։ Ես ուրախ եմ, որ բանականությունը հաղթեց  և այդ նախագիծն այսօր ցերեկը չդրվեց քվեարկության»,–հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ նման նախագիծ շրջանառության մեջ դնելով ի ցույց է դրվում Հայաստանում հակահեղափոխական ուժերի, հակահեղափախական քաղաքական գործիչների և պատգամավորների շրջանակը։

«Կոչ եմ անում բոլոր պատգամավորներին՝ չգնալ ներքաղաքական իրավիճակը սրելու, երկում հեղափոխական իրավիճակ ստեղծելու գործողության։ Եթե պարզվի, որ խորհրդարանական ձեզ հայտնի ուժերն այդ նախագիծն ընդունելու մտադրություն ունեն՝ ես ինքս ստիպված եմ լինելու դիմել ժողովրդի աջակցությանը և մենք ստիպված ենք լինելու միասին դուրս գալու հրապարակ այդ իրավաիճակը հաղթահարելու համար։ Ես ակնկալում եմ, որ այդ նախագիծը հանվի շրջանառությունից և երաշխիքներ ստեղծվեն, որ այդ նախագիծը չի ընդունվի, հակառակ դեպքում դա կնշանակի Հայաստանի Հանրապետությունում հակակհեղափոխության պաշտոնական մեկնարկ»,–ասաց նա։