Հեղափոխությունը չի կարող Սահմանադրությունը ոտնատակ տալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ով «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը պաշտպանի, հակահեղափոխական են:

«Ես ինքս հեղափոխությունը պաշտպանելու խնդիր եմ լուծում: Եթե հեղափոխությունը ոտնահարում է սահմանադրական կարգը, այդ հեղափոխությունը մեր երկիրը փակուղի կտանի, այդպիսի հեղափոխությունից պետք է պաշտպանվել»,-ասաց Ռուստամյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի առաջարկվող փոփոխություններին կողմ քվեարկեք եւ ձեր նախարարներին հետ կանչեք, Ռուստամյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, նայած իրավիճակը ոնց կզարգանա: Այստեղ ամեն ինչ անկանխատեսելի է եւ որեւէ տրամաբանական ընթացք ես չեմ տեսնում, որովհետեւ մենք ուղղակի քաոսի ենք վերածում ամեն ինչ: Շատ մեծ վերապահումով կարելի է այստեղ նորմալ քաղաքակիրթ հարաբերությունների մասին խոսել»:

Դիտարկմանը, որ ԱԺ երեք ուժերով՝ ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ, նման նախաձեռնությամբ հանդես գալով նպաստեցիք, որ վարչապետը ԱԺ պատգամավորներին հեղափոխականների եւ հակահեղափոխականների բաժանի, թեեւ մինչ այդ խոսվում էր քաղաքական ուժերի հետ հանդիպումների մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Սրանով պարզ դարձավ, որ հենց դա էլ երեւի ուզում էր անել: Այսինքն բերել ԱԺ-ն ուժի իրավունքով ցրել: Մենք դրան դեմ ենք»:

Նշենք, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո: Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում: