Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը շարունակում է դժգոհ մնալ ԵՄ հարցերը կարգավորող միջգերատեսչական հարցերով հանձնաժողովի աշխատանքներին։
Այսօր՝ հոկտեմբերի 4–ին, Կառավարությունում հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ–ական պատգամավորը նշեց, որ դժգոհությունը քաղաքական չէ, այլ մասնագիտական։
«Հունիսի 1–ից ուժի մեջ է, բայց դեռեւս Հայաստանը չունի ճանապարհային քարտեզը, նախնական, հանձնաժողովը կարծում էր՝ սեպտեմբերի վերջին կունենան քարտեզը, բայց այսօր հոկտեմբերի 4–ն է, քարտեզը դեռ չկա։ Սկզբում ուշադրության պակասն էր, այսօր արդեն գերատեսչություններում կոմպետենտության։ Խնդիրը նաեւ այս համաձայնագրով ակնկալվող բարեփոխումների համար ժամանակ չունենալն է. այն նույն ջանասիրությամբ, որ Կառավարությունն աշխատում է իր քաղաքական հակառակորդների դեմ, այդ ջանասիրության կեսը դներ այս բարեփոխումներն անելու համար, ավելի լավ արդյունքներ կունենայինք»,– ասաց Արմեն Աշոտյանը։
Որպես օրինակ՝ Արմեն Աշոտյանը բերեց հակակոռուպցիոն պայքարը։ ՀՀԿ–ական պատգամավորը նշեց, որ ՀՀ–ԵՄ համաձայնագրում կա հակակոռուպցիոն պայքարի հոդվածներ, մեթոդաբանություն եւ Հայաստանի պարտավորություններ, այսինքն, Եվրամիությունը դիտարկում է ինստիտուցիոնալ կարողությունների հստակեցում եւ ընթացակարգերի թափանցիկություն եւ արդյունավետություն. «Այն, ինչ փորձում են մեզ հրամցնել որպես հակակոռուպցիոն պայքար, որեւէ աղերս չունի հակակոռուպցիոն պայքարի հետ։ Միգուցե կոռուպցիոն դեպքերի բացահայտմանն է ուղղված, բայց եթե անգամ դատարանում ապացուցվեն այդ դեպքերը, դա չի կարելի դիտարկել որպես հակակոռուպցիոն պայքար, որովհետեւ այդ պայքարը ՀՀ–ԵՄ համաձայնագրով նախատեսում է բավականին ծանր, կարեւոր եւ արդյունավետ գործընթաց»։











