Նավը, որը «Տիտանիկի» պատճենն է, ջուրը կիջեցվի 2022 թվականին եւ կկրկնի Մեծ Բրիտանիայից ԱՄՆ պատմական երթուղին, որն այդպես էլ չավարտեց նրա հանրահայտ նախորդը, հայտնում է CBS-ն:

«Տիտանիկ II» նախագծի վրա աշխատում է Blue Star Line ընկերությունը, որը ղեկավարում է ավստրալացի բիզնեսմեն Քլայվ Փալմերը: Նախագծի գործարկման մասին հայտարարվել էր 2012 թվականին, սակայն 2015-ին աշխատանքները կասեցվել էին ֆինանսական խնդիրների պատճառով եւ վերականգնել միայն այս տարվա սեպտեմբերին:

Ընկերությունը նախատեսում է վերաստեղծել «Տիտանիկի» օրիգինալ պատմական ինտերիերը՝ այն, միաժամանակ, հագեցնելով ժամանակակից նավիգացիոն համակարգերով եւ նախատեսելով անվտանգության բոլոր միջոցները: Նման նավի կառուցման արժեքը գնահատվում է 500 մլն դոլար, ենթադրվում է, որ այն կարող է տեղավորել 2,4 հազար ուղեւորի եւ անձնակազմի 900 անդամի:

Փալմերը հայտնել է, որ նոր «Տիտանիկն» իր առաջին երկշաբաթյա նավարկությունը կկատարի Սինգապուրից Դուբայ, որտեղից կուղեւորվի Սաութհեմփթոն, այնուհետեւ կհատի Ատլանտիկան եւ կժամանի Նյու Յորք: Ըստ ընկերության ծրագրերի՝ նավը Մեծ Բրիտանիայից ԱՄՆ ամենշաբաթյա նավարկությունները կիրականացնի ամառային ամիսներին:

«Տիտանիկը» Սաութհեմփթոնից Նյու Յորք իր առաջին եւ վերջին նավարկությունը սկսել է 1912 թվականի ապրիլի 10-ին: Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում նավն այսբերգի է բախվել եւ ջրասույզ եղել 2 ժամ 40 րոպե անց: Նավաբեկության հետեւանքով զոհվել է մոտ 1,5 հազար մարդ, հաջողվել է փրկվել 712 ուղեւորի եւ անձնակազմի անդամների: