Գագիկ Ծառուկյանը գործարար է, ոչ թե կաշառք վերցնող։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ԲՀԿ անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը։

Նա դժվարացավ ասել՝ ում կվերաբերի Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ ԱԺ պատգամավորի դեմ կա քրեական գործ՝ կաշառքի կասկածով, բայց  բացառեց, որ Գագիկ Ծառուկյանի մասին լինի խոսքը։

«Բիզնեսով ու քաղաքականությամբ զբաղվում է, բայց կաշառքի հետ ի՞նչ կապ ունի Ծառուկյանը։ Վստահ եմ՝ 100 տոկոս»,–ասաց Նապոլեոն Ազիզյանը։

Ծառուկյանի՝ օլիգարխ լինել–չլինելու երկընտրանքի մասին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորն ասաց, որ «օլիգարխը»  իշխանությունների հետ սերտաճած գործարարն է, որը հարկեր, տուրքեր չի վճարում, մինչդեռ Գագիկ Ծառուկյանին տարին մեկ ստուգում են։  Տարակուսանքին, որ հնարավոր է՝ այնքան է սերտաճած, որ ստուգում եւ չեն բացահայտում, պատասխանեց՝ չէ, չկա նման բան։

«Կաշառքի գործով կասկածվող պատգամավոր» արտահայտությունը իրեն վերաբերելու հնարավորությանը Նապոլեոն Ազիզյանը արձագանքեց. «Ծիծաղ է առաջացնում, ինձ ո՞նց կարող է վերաբերել, ես շատ վաղուց ոչ բիզնես ունեմ, որ գործարար եմ, բացարձակ»։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որը 100 տոկոսով ապացուցված է եւ արդեն երկու ամիս, մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում. «Որ օրը մտավ էդ թուղթը, այդ օրը նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ՝ կաշառքի գործով: Երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս, որը կապված է մի քիչ էլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ: Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ այդ երկրի հետ կապեր կան, անընդհատ ձգում են: Բայց այդ պատգամավորը կալանավորվելու է եւ դա լինելու է Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը»։