Հայաստան է ժամանել ԱՄՆ–ի առանցքային դիվանագետներից մեկը՝ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Մինչեւ այդ նա այցելել է Ռուսաստան եւ Ադրբեջան, տարածաշրջանային այցը կավարտի Վրաստանում։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Բոլթոնը լրագրողներին պատմել է Փաշինյանից իր տպավորությունների մասին։

Ամերիկացի դիվանագետն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, հույս է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վստահության մեծ քվե ստանալուց հետո Փաշինյանը կկարողանա լուրջ տեղաշարժ արձանագրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Նա չի բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է չեղարկել 907 բանաձեւը, որով սահմանափակվում է Ադրբեջանին օգնության տրամադրումը։ Ադրբեջանին զենքի վաճառքի հնարավորության մասին հարցին Բոլթոնը պատասխանել է անուղղակի՝ սլաքներն ուղղելով դեպի Ռուսաստանը։

Երեւանում Բոլթոնը քննարկել է նաեւ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու նախաձեռնությունը։ Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարությունն իրեն վստահեցրել է՝ առաքելությունը ռազմական ուղղվածություն չի ունենալու։ Միաժամանակ, դիվանագետը հարկ է համարել նշել, թե ինչպես Վաշինգտոնը կվերաբերվեր ռազմական առաքելությանը։

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է Հանրապետական պատգամավորների առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է արգելել երեխաների վրա բացասական ազդեցություն ունեցող՝ բռնություն քարոզող տեղեկությունների տարածումը։ Նախագիծը բուռն քննարկում է առաջացրել նիստում։

Ի վերջո, Կառավարությունը հավանություն չի տվել նախագծին, ինչպես նաեւ Հանրապետականների ներկայացրած եւս 4 օրինագծերի՝ կրոնական կազմակերպությունների, մասնավորապես, Հայ առաքելական եկեղեցուն պատկանող տարածքներում հավաքներն արգելելու վերաբերյալ։

Կառավարությունը որոշել է նաեւ հոկտեմբերի 31–ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել Համաներման մասին օրինագիծը քննարկելու համար։ Եվս մեկ արտահերթ նիստ հրավիրվել է հոկտեմբերի 29–ին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները երկրորդ անգամ քննարկելու համար։

Երեկվանից լրատվամիջոցները քննարկում են՝ ով է այն պատգամավորը, որին կալանավորելու ծրագրերի մասին նախօրեին խորհրդարանում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Շրջանառվում են մի քանի անուններ՝ Արամ Հարությունյան, Միհրան Պողոսյան, նույնիսկ՝ Արմեն Աշոտյան եւ Իշխան Զաքարյան։ Արամ Հարությունյանն ու Միհրան Պողոսյանն այսօր կասկածվողների ցուցակից դուրս են եկել։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել է, որ նրանց երկուսի հետ կապված քրեական գործ չկա։

Պետական եկամուտների կոմիտեի 3 պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել 1 մլն դրամի չափով կաշառք վերցնելու համար։ Ըստ Հատուկ քննչական ծառայության տվյալների՝ նրանք մի ընկերության անհիմն մեղադրել են խախտումներ անելու մեջ եւ չտուգանելու համար պահանջել կաշառք։ 3 պաշտոնյաներն էլ կալանավորվել են։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ կալանավորվածներն այդ պաշտոններում նշանակվել են իր ղեկավարության օրոք, իրենք հետեւություններ են արել եւ պատրաստվում են կառուցվածքային փոփոխություններ իրականացնել համակարգում՝ վերահսկողությունը ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ մեծացնելու նպատակով։

Հեղափոխությունից հետո Պետական վերահսկողական ծառայությունը մոտ 1 մլն դոլար է վերականգնել պետական բյուջե։ Ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողներին ասել է՝ գումարի մի մասն արդեն բյուջեում է, մնացածն էլ երկուշաբթի կլինի։ Մեծ ծավալով չարաշահումներ են հայտնաբերվել Երեւանի պետական համալսարանում։ Արդյոք դրանց հետ կարո՞ղ է կապ ունենալ Սերժ Սարգսյանը, որը համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։

Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը չի հանվի։ Չնայած վաղվանից տրանսպորտի նախարարությունը քննարկումներ է սկսում որոշման դեմ բողոքողների հետ, այնուամենայնիվ, նախարար Հակոբ Արշակյանն օրենքը փոխելու հնարավորություն չի տեսնում։ Թեեւ մինչեւ նախարար լինելը՝ Արշակյանն ինքն աջ ղեկի արգելքի դեմ ակտիվ բողոքողներից է եղել, այժմ պնդում է՝ իրենք օրենքով են շարժվում, իսկ օրենքն արգելում է այդ մեքենաների ներմուծումը։

Ողբերգական դեպք Երեւանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 45–ամյա կնոջ դի։ Պարզվել է, որ նա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քենին էր, «Հանրապետական» հիվանդանոցի ծննդատան բժշկուհիներից։ Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածն ինքնասպանություն է։

Դոլարի վերելքը կանգ չի առնում, իսկ եվրոյի փոխարժեքն աննշան է աճել։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 25-ին կազմել է 485, եվրոյինը՝ 553, բրիտանական ֆունտինը՝ 625 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան նվազել է՝ կազմելով 7.39 դրամ։

Հանրապետությունում հոկտեմբերի 26–ին ջերմաստիճանը կտրուկ կնվազի՝ մինչեւ 10 աստիճանով, բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ։ Երեւանում վաղը նույնպես սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +11+23 աստիճան տաքություն: