Մարտավարական հարձակողական զորավարժանքի են հետևել վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տոնոյանը։ Ըստ սցենարի՝ զորքերը բարդ տեղանքում գրավում են նոր բնագծեր՝ կիրառելով նոր մարտավարություն եւ հատուկ տեխնիկական միջոցներ:
Ազգային ժողովի այսօրվա նիստն սկսվեց սպասման մեջ՝ նախ քվորում չկար, հետո երբ հավաքվեցին անհրաժեշտ թվով պատգամավորներ, պարզվեց մի քանիսը գրանցվել են ու լքել դահլիճը։
Գալուստ Սահակյանի ներկայությունը, սակայն, չօգնեց․ 12 օրինագծերից ընդունվեց միայն արագաչափերի թիվը կրճատող և բալային համակարգ ներմուծող փաթեթը։
Խորհրդարանը հատկապես աշխուժացրեց Հանրապետականի օրինագիծը, որով առաջարկվում էր հատուկ պետական պաշտպանություն, ավելի պարզ՝ թիկնազոր տրամադրել կաթողիկոսին։ Ներկաների գրեթե կեսը կարծիք ասաց։
Օրինագիծը այնուամենայնիվ տապալվեց․ կողմ քվեարկեց ընդամենը 28 պատգամավոր, եւս 14-ը՝ ձեռնպահ։ Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր, ամփոփեց Շարմազանովը։
Հանրապետականների էմոցիոնալ ելույթներից, ապա նեղացած բոյկոտից դահլիճը սակայն չազդվեց․ եկեղեցասեր 28 պատգամավորներին «Ելքից» առաջարկեցին դասել սրբերի շարքը։
Արդեն նիստից հետո Նաիրա Զոհրաբյանը 11 օրինագծի տապալումը գնահատեց թեթևսոլիկ սաբոտաժ, որի մեջ ոչ քաղաքական մոտիվացիա կար, ոչ տղամարդկային պահվածք, ընդամենը անլրջություն։
Անդրադառնալով մոտեցող արտահերթին՝ Զոհրաբյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստանը» որոշել է վերդառնալ ակունքներին և այս ընտրություններին կրկնել նախկին կարգախոսը։
«Բարգավաճի» ցուցակի առաջին կինը NEWS.am-ին նաև բացահայտեց այդ նախապատվության գաղտնիքը, ասաց՝ Ծառուկյանը իր ձեռքից բռնած բերել է քաղաքականություն և ինքը պետք է նրա կողքին լիներ, և չնայած իր անձի շուրջ, անդադար աժիոտաժ, սենսացիոն սպասումներ կան, ինքը հանդուրժող է, որովհետև սիրված է, ի դեպ նաև՝ google-ում Քիմ Քարդաշյանից հետո ամենափնտրվածը հայ կանանց մեջ։
Դոլարի փոխարժեքը այսօր ևս նվազել է 1.55 դրամ՝ կազմելով 485: Եվրոյի փոխարժեքը աճել է՝ 550 դրամ է, բրիտանական ֆունտի փոխարժեքը 621դրամ է, ռուսական ռուբլունը՝ 7 ու 35 դրամ։
Հանրապետությունում վաղը՝ նոյեմբերի 17-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում սպասվում է թույլ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +12+14:











