Սահմանադրության 56.1-րդ հոդվածն ընձեռում է անձեռնմխելիություն նախագահին` իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չհետապնդվելու և պատասխանատվության չենթարկվելու իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Այդ տեսակի անձեռնմխելիությունը ճանաչված է թե’ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և թե’ միջազգային իրավունքում: Այս մասին Yerevan.today-ին ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Մեծ Բրիտանիայի փաստաբանների պալատի անդամ Էդվարդ Ֆիցջերալդը։
«Արտակարգ դրություն հայտարարելու նախագահի իրավասությունը երկրի նախագահին ընձեռված դասական լիազորություն է: Այսինքն` նախագահն ունի ֆունցիոնալ անձեռնմխելիության կոնկրետ այդպիսի գործողությունների համար: Այս սկզբունքը ճանաչված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային իրավունքում. եթե նախագահը գործել է իր պաշտոնական լիազորությունների շրջանակներում, ապա նա պետք է ունենա ֆունցիոնալ անձեռնմխելիություն: Ավելին` ըստ իս, նախկինում Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված անձեռնմխելիությունը եղել է ճիշտ և պետք է շարունակի գործել:
Երկրորդը, արդյո՞ք ՀՀ Սահմանադրության համաձայն նախագահն ուներ իրավասություններ հայտարարելու արտակարգ դրություն: Նախագահը հստակ իրավասու էր հայտարարելու արտակարգ դրություն` համաձայն Սահմանադրության 55 հոդվածի 14-րդ մասի: Իմ կարծիքով՝ առկա էին ողջամիտ հիմքեր արտակարգ դրություն հայտարարելու, և Հանրապետության նախագահը ուներ գնահատման բավական լայն հայեցողություն` արդյոք կիրառել արտակարգ դրություն` հաշվի առնելով հանգամանքները:
Ես կարծում եմ` նախագահի կողմից արտակարգ դրության շրջանակներում կիրառված միջոցառումները եղել են համաչափ, ժամանակի մեջ սահմանափակված և իրագործվել են միայն Երևան քաղաքում: Ավելին` առկա է ապացույց, որ եղել է հանրային կարգին սպառնացող վտանգ, որը սպառնում էր դեմոկրատիայի հիմքերին:
Իմ կարծիքով՝ նախագահը լիազորված էր հայտարարելու արտակարգ դրություն, որն իրականացվել է համաչափ և ողջամիտ` միջազգային իրավունքին համապատասխան: Ավելին` պետք է հիշել, որ Ազգային ժողովը հաստատել է նախագահի կողմից հայտարարված այդ արտակարգ դրությունը»,– ասել է փաստաբանը:











