Երեւանի ժամանակով 20։00-ին մայրաքաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի մոտ, ընդդիմության երթն ավարտվել է (ֆոտոռեպորտաժ)։ Եզրափակիչ խոսքով հանդես է եկել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը շնորհակալություն է հայտնել հանրահավաքի մասնակիցներին եւ նշել, որ առավել վճռական ակցիաների տեղը եւ ժամանակը կորոշի Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ՀԱԿ երիտասարդներների մի մասն առաջարկել է նստացույց սկսել, սակայն Կոնգրեսի ղեկավարությունը նման քայլը վաղաժամ է համարել։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, երկար ընդմիջումից հետո Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կայացել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքը։
Արամ Մանուկյանը կարծիք է հայտնել, որ նախագահ Սերժ Սարգսյանին սպասվում է «Եգիպտոսի տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագիրը»։ Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին, երբ լրանում է 2008 թվականի ողբերգական իրադարձությունների 3 տարին: 2008-ի նախագահական ընտրություններից հետո շուրջօրյա բողոքի հանրահավաքների ժամանակ իշխանությունն ուժ կիրառեց եւ գնդակահարեց 10 մարդու:




























