Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է 2019թ․ հունվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ամերիկյան ավտոմեքենաների ներկրման համար սահմանած տուրքերի սառեցման մասին։ Հաստատությունը հույս է հայտնել փոխադարձ տուրքերը հանելու շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների արագացման կապակցությամբ՝ տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը։

Նախարարության կայքում հայտնում են, որ 25 եւ 5 տոկոսով տուրքերի ավելացումը դադարեցված է համապատասխանաբար 116 եւ 67 ապրանքների համար։ Այսպիսով տուրքերը ժամանակավորապես 40 տոկոսից իջել են մինչեւ 15 տոկոս։

Այսօր ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Սպիտակ տունը պաշտոնապես որոշել է մինչեւ մարտի 1-ը հետաձգել Չինաստանից ներկրվող ապրանքների համար տուրքերի բարձրացումը։