ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն չորս եւրագավաթային խաղով որակազրկել է Ջենարո Գատուզոյին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Միլանի» կիսապաշտպանը պատժվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի` «Տոտենհեմի» հետ խաղում իր պահվածքի համար: Հիշեցնենք, որ Գատուզոն խաղից հետո հարձակվել էր անգլիացիների գլխավոր մարզչի օգնական Ջո Ջորդանի վրա:

Այդ խաղում իտալացի կիսապաշտպանն արդեն դեղին քարտ էր ստացել, որը նրա համար երրորդն է եղել մրցաշարում եւ նշանակել է մեկխաղյա որակազրկում: Նոր պատիժը տարածվում է եւրագավաթների հաջորդ չորս խաղերի վրա, որոնց Գատուզոն կարող է մասնակցել:

ՈՒԵՖԱ-ի որոշումը բողոքարկել կարելի է գրավոր տեղեկացվելուց հետո երեք օրվա ընթացքում: