ԱՄՆ Սենատը հինգշաբթի չի քննարկել բյուջեն եւ կհավաքվի միայն հունվարի 2-ին, ինչը ավտոմատ երկարացնում է առանց հաստատված ֆինանսավորման մնացած մի շարք դաշնային գերատեսչությունների աշխատանքի դադարեցումը («շաթդաուն»), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հաջորդ անգամ Սենատը կհավաքվի չորեքշաբթի՝ հունվարի 2-ին»,- հայտարարել է պալատի կարճ նիստը վարող հանրապետական սենատոր Պետ Ռոբերթսը:
Սրա հետ գրեթե միաժամանակ Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել, որում հերթական անգամ իրավիճակի եւ համաձայնության գալու անհնարինության մեղավոր էր համարել դեմոկրատներին: Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահն ու նրա թիմը Ծննդյան տոներին Վաշինգթոնում էին մնացել՝ պայմանավորվածությունների քննարկման հույսով, սակայն դեմոկրատները որոշել էին տուն գնալ: Նշվում է, որ Թրամփը «շաթդաուն» չի ցանկանում, սակայն չի ստորագրի բյուջեի այն տարբերակը, որում «նախապատվությունը չի տրվի երկրի անվտանգությանը»:
Անցած շաբաթ մինչեւ Ծննդյան տոները ԱՄՆ Սենատի վերջին նիստի ժամանակ դեմոկրատները չէին համաձայնվել հաստատել բյուջեի տարբերակը: Փորձաքարը Թրամփի պահանջն էր՝ այդ փաստաթղթի շրջանակում Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար 5 մլրդ դոլար հատկացնելու հարցը համաձայնեցնելու մասին: Դեմոկրատներն ասում են, որ պատը խնդիրը չի լուծում եւ հրաժարվում են նման միջոցների հատկացմանը համաձայնել:
Սենատում հանրապետականները նվազագույն մեծամասնություն ունեն, ինչն անբավարար է 100-ից անհրաժեշտ 60 ձայն ստանալու համար: Հանրապետականներն առաջարկել էին ընդունել մինչեւ փետրվարի 8-ը ժամանակավոր բյուջե՝ առանց Թրամփի պահանջած 5 մլրդ դոլարի, սակայն երկրի նախագահը հրաժարվել էր այդպիսի փաստաթուղթը ստորագրել:
Արդյունքում բյուջեն չի ընդունվել, եւ ըստ օրենքի՝ առանց ֆինանսավորման մնացած որոշ դաշնային ծառայություններ եւ գերատեսչություններ անցել են աշխատանքի սահմանափակ ռեժիմի: «Շաթդաունի» հետեւանքներն առայժմ ոչ մի կերպ չեն արտահայտվում, քանի որ համընկել է տոնական օրերին: Վարչակազմի ներկայացուցիչներն արդեն մտավախություններ են հայտնել, որ մի շարք դաշնային գերատեսչությունների աշխատանքի դադարեցումը կարող է ձգվել նաեւ մինչեւ 2019-ի սկիզբ:





























