1991 թվականի արտադրության Honda NSX սպորտքարը, որը վարել է «Ֆորմուլա 1»-ի եռակի չեմպիոն Այրթոն Սեննան, Լոնդոնում կայացած RM Sotheby’s աճուրդում վաճառվել է 871,3 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 1,18 միլիոն դոլար)։ Սա աճուրդներում NSX մոդելի վաճառքի գնի նոր համաշխարհային ռեկորդ է։ Այս մասին հայտնում է Motor1-ը։
Նախորդ ռեկորդը պատկանում էր NSX Type R-ի հազվագյուտ օրինակներից մեկին, որը վաճառվել էր մոտ 1,04 միլիոն եվրոյով։ Մինչև աճուրդը բրազիլացի ավտոարշավորդի վարած կուպեն գնահատվում էր 700 հազարից մինչև 1,1 միլիոն դոլար։
Սեննայի և այս ավտոմեքենայի մասնակցությամբ ամենահայտնի կադրերում մարզիկն առօրյա հագուստով այգին ջրելու ճկախողովակով լվանում է NSX-ը։ Սպորտքարն ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ 1991 թվականին Սեննան դրանով ժամանեց Պորտուգալիայի Գրան պրիին և լուսանկարվեց։ Ավտոմեքենան հայտնվել է նաև «Ayrton Senna: Racing Is In My Blood» վավերագրական ֆիլմում։
NSX-ի վաճառքը դարձել է RM Sotheby’s-ի երկօրյա աճուրդի գլխավոր իրադարձություններից մեկը։ Ընդհանուր հասույթը կազմել է 36,55 միլիոն ֆունտ ստեռլինգ, իսկ լոտերի 87,5%-ը վաճառվել է։ Կազմակերպչի տվյալներով՝ սա Մեծ Բրիտանիայում երբևէ անցկացված հավաքածուային ավտոմեքենաների աճուրդների ամենաբարձր արդյունքն է։
Մեկ այլ ուշագրավ լոտ էր Ferrari Daytona SP3 սուպերքարը, որը վաճառվել է 8,16 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Այն թողարկված 599 Daytona SP3-ներից մեկն է։ Աճուրդում վաճառված այս օրինակը նախատեսված էր լրագրողական թեստ-դրայվերի, նկարահանումների և շնորհանդեսների համար։



























