Մակեդոնիայի նախագահը խորհրդարանին կոչ է արել չեղյալ համարել Հունաստանի հետ համաձայնագիրը, որի համաձայն երկիրը պետք է փոխի իր սահմանադրությունը եւ վերանվանվի Հյուսիսային Մակեդոնիա՝ ստանալով ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորություն՝ տեղեկացնում է AP-ն։

Նախագահ Գեորգե Իվանովը հայտարարել է, որ Մակեդոնիան իր ազգային պատկանելությունից «հրաժարվելու համար ամենաբարձր գինը կվճարի»։

Մակեդոնիայում երկրի ղեկավարը վարչապետն է, իսկ նախագահի լիազորությունները սահմանափակ են։ Իշխող ձախ կոալիցիայի պատգամավորները մի քանի անգամ ընդհատել են Իվանովի ելույթը։

Մակեդոնիան եւ Հունաստանը հունիսին ստորագրել են համաձայնագիր, որով վերջ է դրվելու «Մակեդոնիա» անվան շուրջ բազմամյա վեճին։ Ըստ Հունաստանի այդ անվանումն իր մեջ հյուսիսային համանուն մարզի հանդեպ տարածքային պահանջ է թաքցնում։