Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ժան-Կլոդ Յունկերը մեղադրել է Եվրամիության երկրներին «աղաղակող երեսպաշտության» մեջ անօրինական միգրացիայի հակազդման հարցում:
«ԵՄ երկրների բոլոր ղեկավարներն ու կառավարություններն երկու տարի է պահանջում էին արտաքին սահմանների պաշտպանության բարելավում: Սակայն այժմ բոլոր կողմերից կասկածներ են առաջանում. խոսվում է ազգային ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության փորձի մասին, այն մասին, որ ամեն ինչ կատարվում է շատ արագ, եւ թվերը շատ մեծ են: Դա աղաղակող երեսպաշտություն է», հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը, հաղորդում է DW-ն:
Նոյեմբերի վերջում Գերմանիայի կառավարությունն իր կասկածներն է հայտնել մոտակա ժամանակներում Frontex եվրոպական սահմանային եւ ափամերձ անվտնագության ծառայության աշխատակիցների թվի էական աճի հավանականության մասին: «Արդեն 2020 թվականին Frontex-ի անձնակազմի՝ մինչեւ 10 հազարն ավելացման առաջարկը հսկայական խնդիր է»,-նշվում է Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ: Այդ պատճառով Բեռլինը սահմանային ծառայության ընդլայնման առավել տեւական եւ աստիճանական գործընթացի կողմնակից է:
Սեպտեմբերին Եվրամիությունում տիրող իրավիճակի մասին իր ամենամյա ելույթի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը ներկայացրել է ԵՄ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ նոր առաջարկներ: Մասնավորապես, նա կոչ է արել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը դարձնել ավելի արդյունավետ: Դրա համար, ըստ Յունկերի, 2020 թվականին Frontex եվրոպական ծառայության սահմանային աշխատակիցների թիվը պետք է ավելանա՝ հասնելով 10 հազար մարդու: Frontex-ը պետք է ունենա սեփական նավեր, ինքնաթիռներ եւ ավտոմեքենաներ, նշել է նա:





























