Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների առաջնորդներին նվիրել է ձեռագործ էքսկլյուզիվ տոնածառի գնդեր Ամանորի կապակցությամբ: Այդ մասին պատմել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

Տոնածառի խաղալիքների նախնական տարբերակներն, ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ծանր էին, եւ նա խնդրել է դարձնել դրանք ավելի թեթեւ եւ տոնական: Համագործակցության առաջնորդների ոչ ֆորմալ հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, որի ընթացքում նախագահներին հանձնել են նվերներ Բելառուսից: «Այդպիսի գնդեր այժմ կան ԱՊՀ երկրների բոլոր առաջնորդների տոնածառների վրա»,- ամփոփել է մամուլի քարտուղարը:

Ալեքսանդր Լուկաշենկոն արտերկրյա առաջնորդներին հյուրասիրում է նաեւ նախագահական հատուկ պատվերով պատրաստված բացառիկ քաղցրավենիքով եւ տեղի արտադրության այլ մթերքներով: Օրինակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նա նվիրել է «սալո» եւ մի քանի էլիտար տեսակների կարտոֆիլ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ կերակրատեսակների պատրաստման համար. մեկը՝ դրանիկների, մյուսը՝ պյուրեի, երրորդը՝ եփելու համար եւ այլն: Ինչպես պարզաբանել է Նատալյա Էյսմոնտը՝ Ռուսաստանի առաջնորդն ինքն է խնդրել այդ նվերները՝ պատասխանելով Բելառուսի նախագահի հարցին՝ ուրիշ ի՞նչ նվիրել իրեն Նոր տարվա առիթով: Ըստ նրա՝ Վլադիմիր Պուտինը սիրում է համեղ «սալո»: